ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ինչո՞ւ բարեփոխումները մշակույթի նախարարության ոլորտից դուրս չեն գալիս»

«Ինչո՞ւ բարեփոխումները մշակույթի նախարարության ոլորտից դուրս չեն գալիս»
07.11.2008 | 00:00

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը Երևանում գործում էր 1937 թվականից, Աբովյան 10 հասցեում։ Թանգարանի հիմնադիր տնօրենը եղել է երկրաբանական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանը, որի անձնական հավաքածուն էլ հիմք է ծառայել մշակութային այս հաստատության ստեղծման համար: Թանգարանի բացման համար խթան է հանդիսացել 1937-ին Մոսկվայում կայացած երկրաբանական միջազգային գիտաժողովը, որի մասնակից գիտնականները ցանկություն էին հայտնել լինել Հայաստանում, մի հանգամանք, ինչը, փաստորեն, դարձավ Հայաստանի ընդերքի հարստությունն ի ցույց դնող երկրաբանական թանգարանի ստեղծման նախապայման:
Այսօր թանգարանին վիճակված է տեղափոխվել նոր, առավել հարմարավետ «բնակարան», սակայն թանգարանի աշխատակիցների զգացողությունները խիստ հակասական են: «Մենք տեղափոխվում ենք պարտադրված: Ճիշտ է, նոր տեղում պայմաններն անհամեմատ ավելի լավ են բոլոր առումներով: ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնաշենքից անջատ լինելը շատ դժվարությունների առաջ էր մեզ կանգնեցնում: Մենք շուտով կլինենք միևնույն շենքում, որը կօգնի լուծելու բազմաթիվ հարցեր: Թանգարան բերող ներկայիս մուտքի անհարմարավետ, վտանգաշատ թեք սանդուղքների փոխարեն կունենանք հենց փողոցից անմիջապես բացվող շքադուռ՝ Բաղրամյան 24ա հասցեում, որն ավելի դյուրին կդարձնի այցելուների մուտքը թանգարան: Բայց, մյուս կողմից էլ, տասնամյակների ընթացքում մշակված սովորույթի ուժով մարդիկ կապվել էին մեր ներկայիս տարածքին, որտեղ իրականացվում էին և՛ մշակութային, և՛ գիտական, և՛ կրթական միջոցառումներ։ Հուսով ենք և պատրաստ՝ անել ամեն ինչ, որ ավելի հարմարավետ պայմաններում մեր գործունեությունը նույն ռիթմով շարունակվի»,- ասում է երկրաբանական թանգարանի տնօրեն, քարաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ, ՀՊՃՀ դասախոս ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Թանգարանի այսօրվա շենքում խնդիրները բազմաթիվ են: Իհարկե, ցուցանմուշները գոյատևման ապարներ են, որոնց համար սարսափելի չէ ո՛չ ցուրտը, ո՛չ տապը: Առանձնակի խնդիրներ չեն ծագում՝ կապված դրանց պահպանության հետ. եթե միլիոնավոր դարերի հերթագայությանը դիմակայել են, ուրեմն, կլիմայական կամայականություններն անզոր են սասանել դրանք: Սակայն «թանգարան» երևույթն ունի իր առանձնահատկությունները: Անկախ դիմացկունության աստիճանից՝ թանգարանային նյութը պետք է ունենա պատշաճ ցուցադրություն: Այս առումով երկրաբանական թանգարանն ուներ խնդիրներ. չկային գեղեցիկ, նրբաճաշակ ցուցափեղկեր, սրահների լուսավորությունը բավարար չէր, սուղ պայմանների պատճառով թանգարանի արժեքավոր նմուշները ցուցադրված չէին շահեկանորեն: Իսկ սպասվող նոր շենքի նախագիծը կազմելիս հատուկ ուշադրություն է դարձվել այս հարցերի վրա. լուսավորության, օդափոխության, ջեռուցման խնդիրներն արդեն լուծված են, անլուծելիների թվում չէ և նորաոճ ցուցափեղկերի ձեռքբերումը: Նոր տարածքը 50 քառակուսի մետրով ավելի մեծ է: Այն կազմում է մոտ 500 քառակուսի մետր, որի երկու երրորդը կտրամադրվի հիմնական ցուցադրությանը: Հանդիպումների և դասընթացների կազմակերպման համար կգործի առանձին լսարան, համապատասխան տարածքներ կտրամադրվեն թանգարանի ֆոնդերի պահպանման և աշխատասենյակների համար: Թանգարանը ներկայումս ունի հինգ աշխատակից: Տնօրենն ուրախ կլիներ նոր շենք տեղափոխվելուց հետո ընդլայնել աշխատակազմը, մանավանդ որ տարածքների ավելացումը ենթադրում է նաև աշխատանքի ծավալների ավելացում: Սակայն ակադեմիական համակարգի սուղ ֆինանսները, որոնցից ընդամենն ինչ-որ մասնաբաժին է հատկացվում թանգարանին, թույլ չեն տալիս նման շքեղության մասին երազել: «Մեր երկրի կառավարությունը հրահանգներ է իջեցնում թանգարանային գործունեության բարելավման, աշխատավարձի բարձրացման և այլ հարցերի վերաբերյալ: Եթե դա Հայաստանի բոլոր թանգարաններին է վերաբերում, ինչո՞ւ այդ բարերար ազդեցությունը մենք չենք զգում ակադեմիայի համակարգում գործող թանգարաններում: Ինչո՞ւ այդ բարեփոխումները մշակույթի նախարարության ոլորտից դուրս չեն գալիս»,- տարակուսում է տնօրենը:
Իհարկե, սպասվող բնակարանամուտը ժամանակավորապես խաթարել է թանգարանի կապն այցելուների հետ: Իսկ կապը սոսկ հետաքրքրության մղումով չի պայմանավորված: Երկրաբանական թանգարանում համագործակցության դաշտ է ձևավորված մասնագիտական տարբեր ուղղվածության ուսումնական հաստատությունների և հիմնարկությունների հետ: Այստեղ իրենց մասնագիտական ոլորտներին առնչվող նյութ են գտնում ոչ միայն երկրաբանները, այլև ճարտարագիտություն, թանգարանագիտություն, տուրիզմ, էկոլոգիա ուսումնասիրողները: Պրակտիկանտների, դիպլոմային, կուրսային աշխատանքներ գրողների հետ աշխատանքը պարբերական բնույթ է կրում: ՈՒստի և դպրոցներից, քոլեջներից, բուհերից չեն դադարում զանգահարել և հետաքրքրվել, թե ե՞րբ հնարավոր կլինի կրկին լինել թանգարանում և տեսնել այն բացառիկ ցուցանմուշները, որոնք կան այստեղ: Իսկ բացառիկների մեջ ամենաբացառիկը տրոգոնտերյան փղի կմախքն է, որը կշռում է մի քանի տոննա: «Այս կենդանիները պատկանում են մամոնտների ցեղին,- պարզաբանում է Ա. Գրիգորյանը,- բայց դրանք չպետք է շփոթել ոչ վաղ անցյալում մահացած մամոնտների՝ մամոնտուսների հետ, որոնք հյուսիսային կենդանիներ էին, ունեին մազածածկույթ և ցրտադիմացկուն էին: Հարավային տարածքներում նման փղեր հայտնի չեն: Տրոգոնտերյան փղերն ավելի հին ժամանակների են, հայտնի են եղել մի քանի միլիոն տարի առաջ: Մեր փիղը, օրինակ, 750.000-800.000 տարեկան է»: Այդ փղի մնացորդները հայտնաբերվել են 1929 թվականին, Գյումրու շրջակայքում՝ «Կազաչի պոստ» կոչված տարածքում, ապա, երկրաբանական թանգարանը բացվելուց հետո, տեղափոխվել Երևան: 1949-ին վերականգնվել է փղի ամբողջական կմախքը, այն աշխարհում իր տեսակի մեջ լավագույն և եզակի ցուցանմուշներից մեկն է: Ավազուտներում, որոնցում հայտնաբերվել են փղի մնացորդները, այլ մնացորդներ ևս եղել են: Դրանք պահպանելու համար կիրառվել են բազմաթիվ մասնագիտական հմտություններ: Լաքապատվել են ոսկորները, ամրացվել և ապահովագրվել քայքայումից: Այս ցուցանմուշը տեղափոխելու խնդիրը բարդագույններից մեկն է թանգարանի համար: Այն նախապես պետք է ապամոնտաժվի, ապա հատվածաբար տեղափոխվի թանգարանի նոր տարածք, որտեղ և պետք է վերականգնվի ամբողջական տեսքը։ Իսկ մենք՝ երևանցիներս, սպասենք մեր մշակութային օջախներից մեկը հաշված օրեր հետո նոր ու բարեկարգ հարկի տակ տեսնելու իրողությանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7334

Մեկնաբանություններ